National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
23.10.2009
ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են օրինագծերի քննարկումները

Հոկտեմբերի 23-ին  ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկեց Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թվականի գործունեության ծրագիրը, որը ներկայացրեց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Նա մասնավորապես կարեւորեց էներգետիկայի, ջրային եւ հեռահաղորդակցության համակարգերի կարգավորման իրավական դաշտի կատարելագործմանն ուղղված աշխատանքները, ներկայացրեց սակագնային քաղաքականությանը, լիցենզավորման եւ լիցենզավորված գործունեության վերահսկողությանը, սպառողների սպասարկման որակի ցուցանիշներին եւ սպառման ծավալների կանխատեսմանն առնչվող տեղեկություններ:

Ի պատասխան ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանի` սպառողների շահերի խախտման դեպքերի հետ կապված հարցադրմանը` պարոն Նազարյանը համաձայնեց, որ որոշ մատակարար կազմակերպություններ իրենց պարտավորությունները լավ չեն կատարում, ուստի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության հետ  պատրաստվում են օրենսդրական առաջարկ ներկայացնել, որով մատակարար կազմակերպությունների կատարած խախտումների  համար կսահմանվեն համապատասխան պատիժներ եւ կպաշտպանվեն սպառողների շահերը:

Հանձնաժողովը ներկայացված ծրագրի վերաբերյալ տվեց դրական եզրակացություն:

Հանձնաժողովը քննարկեց եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկվելու համար դրական եզրակացություն տվեց նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» (օրինագծերի փաթեթ), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (օրինագծերի փաթեթ) եւ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերին:

Հանձնաժողովը հեղինակների առաջարկով մինչեւ 15 օրով հետաձգեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Առեւտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (օրինագծերի փաթեթ) եւ «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», մինչեւ 30 օրով հետաձգեց «Վենչուրային հիմնադրամների մասին», «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» (օրինագծերի փաթեթ), «նահատման գործունեության մասին», «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,   «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիզինգի մասին» (օրինագծերի փաթեթ) եւ «ույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի քննարկումը:

Նույն օրը ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը Հրայր Կարապետյանի նախագահությամբ քննարկեց «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը:

Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է օրենքի դրույթների ՀՀ Սահմանադրության պահանջներին համապատասխանեցմամբ, մի շարք դրույթների միջեւ առկա անհամապատասխանությունների վերացմամբ, զինվորական ծառայության անցման հետ կապված հարաբերությունների հստակեցմամբ: Մասնավորապես նախատեսվում է, որ ռազմաուսումնական հաստատություններ ավարտած զինծառայողների կողմից հետուսումնական պայմանագրային զինծառայությունից հրաժարվելու դեպքում վերջիններս փոխհատուցում են ուսման հետ կապված ծախսերը պայմանագրով սահմանված կարգով եւ չափով: Այդ պահանջը, ՀՀ Սահմանադրության համաձայն, կարող է իրականացվել միայն օրենքով նախատեսված դեպքերում եւ չափով, ինչը եւ սահմանվում է օրենքի նախագծով: Նախագծով վերացվում է օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ պարբերության եւ 14-րդ հոդվածի 9-րդ մասում առկա անհամապատասխանությունը, համաձայն որի` ամրագրվում էր սահմանային տարիքը լրացած բոլոր կազմերի զինծառայողների համար ծառայության ժամկետը մինչեւ 5 տարի երկարաձգելու իրավունք, սակայն ՀՀ Նախագահի կողմից այս իրավասությունն իրականացնելու համար նախատեսվում էր ընդամենը 3 տարի: Օրենքի նախագծում, հաշվի առնելով պարտադիր կազմի շարքային զինծառայողների կողմից ինքնախեղման կամ առողջական վիճակն այլ եղանակով վատթարացման դեպքերի աճը, նախատեսվում է, որ նշված դեպքերում զինծառայողների բուժման ժամանակահատվածը չի ներառվում պարտադիր զինվորական ծառայության ստաժում: Նկատի ունենալով պահեստազորում հաշվառված սպաների՝ ուսումնական գործընթացներին ներգրավվածության աճը, նախատեսվում է նաեւ ոչ բացասական հիմքերով պահեստազոր արձակված սպաներին զինվորական համազգեստ կրելու իրավունքը:

Պարոն Նազարյանը ներկայացրեց նաեւ «Պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների օգտագործման մասին» եւ «Զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ  լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնց ընդունումը նպատակ ունի հստակեցնել պատերազմի կամ դրա սպառնալիքի դեպքում տրանսպորտային միջոցներով զինված ուժերի ապահովվածության ուղղությամբ պետական քաղաքականության իրականացումը եւ խաղաղ ժամանակ իրականացվող միջոցառումների միջոցով բարձրացնել զինված ուժերի պատրաստականության աստիճանը:

«Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը, ըստ պարոն Նազարյանի,  պայմանավորված է զինվորական կոմիսարիատներում զինվորական հաշվառման գործընթացը հստակեցնելու, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ՀՀ դիվանագիտական եւ հյուպատոսական հիմնարկների, կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների կողմից նշված գործընթացին լիարժեք մասնակցությունն ապահովելու, զինված ուժերի պահեստազորի կազմերի կարգավիճակը, նրանց կողմից վարժական հավաքներ անցնելու ընթացակարգերը բարելավելու, ինչպես նաեւ օրենքի մի շարք դրույթների միջեւ առկա անհամապատասխանությունները վերացնելու անհրաժեշտությամբ:

Հանձնաժողովը քննարկված երեք օրինագծերի վերաբերյալ տվեց դրական եզրակացություն առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու համար:

Հանձնաժողովը քննարկեց նաեւ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը եւ որոշեց դրական եզրակացությամբ ներառել նստաշրջանի օրակարգում:

 ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Արմեն Ռուստամյանի նախագահությամբ, քննարկեց 2009 թվականի սեպտեմբերի 4-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջեւ «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը, որը ներկայացրեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը ներկայացրեց 2009 թ. հունիսի 26-ին Երեւանում ստորագրված ՀՀ կառավարության եւ Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջեւ «Հայ-հնդկական տեղեկատվական եւ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ուսումնական կենտրոն հիմնելու մասին» փոխըմբռնման հուշագիրը: Հնդկաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է ընդունել միանվագ դրամաշնորհ տրամադրել ՀՀ կառավարությանը Հայաստանում ՏՀՏ ոլորտի զարգացման համար: Հիմնվող կենտրոնում կկազմակերպվեն վկայագրման կարճաժամկետ մոդուլային դասընթացներ կիրառական համակարգչային ծրագրերի գծով, կիրականացվի Հայաստանի դպրոցների ուսուցիչների եւ պետական պաշտոնյաների վերապատրաստում, կանցկացվեն հետազոտություններ, կտրամադրվի խորհրդատվություն Հայաստանի պետական եւ մասնավոր տարբեր հիմնարկություններին էլեկտրոնային կառավարման ոլորտում:

Պարոն Երիցյանը ներկայացրեց նաեւ 2009 թ. հունիսի 17-ին Երեւանում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը, որը հնարավորություն է տալիս բարենպաստ պայմաններ ստեղծել երկու երկրների ներդրողների համար, նպաստել երկու երկրներում ներդրումային գործունեության խթանմանը: 

Քննարկվեց 2009թ. մայիսի 22-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Խորվաթիայի Հանրապետութայն միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանի խոսքով` համաձայնագրի նպատակն է բացառել եկամուտների կրկնակի հարկումը եւ այդպիսով նվազեցնել եկամտային հարկերի հետ կապված խոչընդոտների բացասական ազդեցությունը միջազգային առեւտրի եւ ներդրումների վրա, ինչպես նաեւ ստեղծել կանխատեսելի եւ կայուն դաշտ:

Պարոն Կարայանը ներկայացրեց նաեւ   2009 թ. հունիսի 23-ին Լյուքսեմբուրգում ստորագրված` ՀՀ կառավարության եւ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության կառավարության միջեւ «Եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան  եւ արձանագրությունը: Կոնվենցիայի նպատակն է բացառել եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը եւ այդպիսով նվազեցնել եկամտային եւ գույքային հարկերին առնչվող խոչընդոտների բացասական ազդեցությունը միջազգային առեւտրի եւ ներդրումների վրա, ինչպես նաեւ ստեղծել կանխատեսելի եւ կայուն հարկային դաշտ:

2009թ. հուլիսի 3-ին Երեւանում ստորագրված ՀՀ կառավարության եւ Հունաստանի Հանրապետության կառավարության միջեւ «Օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Արամ Մարությանը: Նա նշեց, որ համաձայնագրի նպատակը երկու պետությունների համապատասխան տարածքների միջեւ եւ տարածքներից դուրս օդային կանոնավոր հաղորդակցություն հաստատելն է:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Արամ Մարությանը ներկայացրեց նաեւ  2008թ. դեկտեմբերի 9-ին Բրյուսելում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական համայնքի միջեւ օդային հաղորդակցությունների որոշակի ասպեկտների մասին» համաձայնագիրը եւ 1999թ. Մոնրեալում ստորագրված «Միջազգային օդային փոխադրումների որոշ կանոնների միասնականացման մասին» կոնվենցիան: Համաձայնագրին իր մեջ ներառում է անհրաժեշտ դրույթներ` եվրոպական համայնքի օրենսդրական դաշտին օդային հաղորդակցությունների մասին երկկողմ համաձայնագրերի որոշ հոդվածները համապատասխանեցնելու համար: Կոնվենցիան կիրառվում է օդանավով վճարի դիմաց իրականացվող մարդկանց, ուղեբեռի կամ բոլոր տեսակի միջազգային փոխադրումների նկատմամբ, ինչպես նաեւ ավիափոխադրող ընկերության կողմից օդանավով իրականացվող անվճար փոխադրումների:

ՀՀ ‎ֆինանսների նախարարի տեղակալ   Վարդան Արամյանը  հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց 2009 թվականի հունիսի 9-ին Մոսկվայում ստորագրված «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի հիմնադրման մասին» պայմանագիրը: Պայմանագիրը ստորագրվել է Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Հայաստանի կողմից, որոնք պարտավորվում են ստեղծել «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամ` ազգային տնտեսությունների կողմից համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական հետեւանքները հաղթահարելու, հիմնադրամի մասնակից պետությունների տնտեսությունների ինտեգրման հետագա խորացմանն աջակցելու նպատակով:

Փոխնախարարը ներկայացրեց նաեւ 2009 թ. հունիսի 9-ին Մոսկվայում ստորագրված «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների կառավարման մասին» համաձայնագիրը:

Քննարկված բոլոր միջազգային պայմանագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի վավերացմանը: 

Հանձնաժողովը քննարկեց նաեւ կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Օրենսդրական փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  օտարերկրյա պետություններին դիվանագիտական եւ ներկայացուցչական նպատակների համար տրամադրված հողերի համար հարկերից ազատելու հարցը փոխադարձության սկզբունքով լուծելու անհրաժեշտությամբ: 

Քննարկված օրենսդրական փաթեթը   հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:



18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am